Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը, կայցելի Ռուսաստան: Այցի նպատակը ռուսական կողմի հետ երկկողմ գործակցության զարգացումն է: Բարձրաստիճան զինվորականը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպմանն ակնկալվում է քննարկել երկկողմ պաշտպանական ու ռազմական հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային ու միջազգային զարգացումները:
*****
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի և Հայաստանի մասին արված այն հայտարարություններին, թե իբր Երևանն ու Թեհրանը գործակցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում: Շամխանին Թվիթերի էջում շեշտել է, որ բարիդրացիության սկզբունքներն անտեսելը և ոչ կառուցողական հայտարարությունները չեն կարող բարի կամքի նշան լինել: «Թմրամիջոցների դեմ պայքարում աշխարհի կողմից հերոս ճանաչված երկրի դեմ մեղադրանքը չի կարող այլ արձագանք ստանալ, քան մեղադրողի խոսքերի հերքումը: Զգուշացեք սատանայի թանկարժեք ծուղակներից»,-շեշտել է քարտուղարը:
*****
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան առաջին անգամ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան կայցելի հաջորդ շաբաթ: Ֆեյսբուքի էջում նա գրել է. «Առաջին այցիս ընթացքում կհանդիպեմ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի ղեկավարների հետ: Դա կորոնավիրուսի պատճառով դեպի տարածաշրջան այցերի սահմանափակումներից հետո հիանալի հնարավորություն կլինի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Այցը կօգնի ավելի լավ հասկանալ զրուցակիցներիս տեսլականները և մտահոգությունները, որոնք առնչվում են և՛ տարածաշրջանային անվտանգությանը, և՛ ՆԱՏՕ-ի հետ նրանց գործակցությանը: Հուսամ, կուղենշենք ճանապարհներն ու միջոցները՝ Կովկասում ՆԱՏՕ-ի հետագա ներգրավվածության խորացման համար»,- ասել է պաշտոնյան:
*****
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել է բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքների մեկնարկի մասին։ Մարտական հրաձգության հիմնական նպատակը զենիթահրթիռային համալիրների կառավարման անձնակազմի ունակությունների կատարելագործումն է և մարտունակության բարձրացումը։ Նշվում է, որ վարժանքները պլանային են: Հաղորդվում է, որ փորձարկվող զենիթահրթիռային համալիրներն իրականացնում են պայմանական հակառակորդի հայտնաբերում և ոչնչացում: