Հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի տոնի առթիվ այսօր տասնյակ մանկավարժներ պարգևատրվեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով: Հրապարակվեցին նաև «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որի հաղթողները դրամական պարգև ստացան:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծեց մեր երկրի ու ժողովրդի անվտանգության հարցում ուսուցչի կարևորագույն դերակատարումը, որի տված կրթությունն այդ անվտանգության երաշխիքն է:
Նախարարն ընդունեց, որ ուսուցչի վաստակն այսօր չի գնահատվում ըստ արժանվույն, բայց և վստահեցրեց, որ դրա համար արվում է ամեն ինչ: Հավաստիացրեց, որ կառավարությունը մեծ տեղ է հատկացնում կրթությանը ոչ միայն դրա ֆիզիկական միջավայրի, այլև բովանդակության ապահովման և ուսուցչի պատշաճ վարձատրության առումով:
Այս տարի արդեն երկրորդ անգամ «Տարվա լավագույններ» մրցույթն անցկացվում է նոր ձևաչափով: Եվ եթե նախկինում «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարագերում հաղթողներն ստանում էին ավտոմեքենա, իսկ լավագույն տնօրենը համակարգիչ, այժմ որոշվել է այդ գումարով խրախուսել ավելի մեծ թվով մանկավարժների՝ շեշտը դնելով ծրագրային առաջարկների, ստեղծարարության և նորորարությունը խթանող գործիքների վրա:
Պատասխանատուները կարևորեցին, որ այդ ծրագրերում ներկայացված գաղափարները, մեթոդներն օրինակելի դառնան մյուս հաստատությունների համար:
Երևանի «Առնո Բաբաջանյան» համերագասրահում անցկացված պարգևատրման արարողության ժամանակ մեդալներ շնորհվեցին նաև մի շարք ուսումնական հաստատությունների, որոնց սաներն Արցախյան վերջին պատերազմում արժանացել են Արցախի հերոսի կոչման: Խոսքը Դավիթ Գրիգորյանի, Էդգար Մարկոսյանի, Յուրա Ալավերդյանի, Դավիթ Ղազարյանի և Սերգեյ Շաքարյանի մասին է:
Հեղինակ՝ Աննա Զախարյան