ԻՐԱՆԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Մոսկվա ժամանելուն պես Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը պատասխանել է Սերգեյ Լավրովի հետ սպասվող հանդիպման վերաբերյալ լրագրողների հարցերին: Նրա խոսքով՝ Թեհրանն ակնկալում է, որ Ռուսաստանը զգայուն կլինի տարածաշրջանում ահաբեկիչների առկայության և կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը: Հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Աֆղանստանում՝ մենք լուրջ բանակցություններ կունենանք,- նշել է իրանցի պաշտոնյան:
Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման շրջանակում անդրադարձ կկատարվի նաև Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին:
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժությունները: «Անխախտ եղբայրություն» կոչվող զորավարժություններում մարտական հրաձգություն է կատարվում, ներգրավված են նաև ռազմական օդանավեր, հարվածային և տրանսպորտային ուղղաթիռներ։ Զորավարժությունների ընթացքում հարվածային ստորաբաժանումները կատարում են հակառակորդի դիրքերին աննկատ մոտենալու վարժություններ՝ շրջանցելով հակառակորդի օպտիկական սարքավորումների տեսադաշտը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է զորավարժությունների հաջող ընթացքի մասին։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 8-ը։
ՄԵԼԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում - Միացյալ ընդդիմություն» խմբակցության անդամ Նիկա Մելիայի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են: 79 պատգամավոր կողմ է քվեարկել Մելիայի՝ պատգամավորական մանդատը դադարեցնելու համար, խորհրդարանի անդամներից ոչ ոք դեմ չի քվեարկել: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Մելիան հուլիսի 29-ին ինքնակամ էր հեռացել խորհրդարանից, երբ իշխող կուսակցությունը չեղարկել էր Եվրամիության խորհրդի ղեկավար Շառլ Միշելի համաձայնագիրը: Օգոստոսի 3-ին Մելիան հեռանալու մասին գրավոր դիմում էր ներկայացրել խորհրդարանի նախագահին:
ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԳԱԶԻ ԳՆԻ ԱՃՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Եվրամիության մի խումբ երկրներ՝ Ֆրանսիան, Իսպանիան, Չեխիան, Ռումինիան և Հունաստանը, առաջարկել են ուսումնասիրել Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճի պատճառները: Նրանք համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ կոչ են արել գազի պաշարների վերաբերյալ ընդհանուր կանոններ սահմանել՝ գնաճը մեղմելու համար: Հայտարարությունն առաջարկում է ավելի լավ համակարգել գնումների գործընթացը` ընդհանուր դիրքերը բարելավելու համար: Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 4-ին գերազանցեց 1600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց: Անցյալ շաբաթ այս ցուցանիշը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել էր 1000 դոլարը: Ավելի վաղ ռուսաստանյան «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել էր՝ Եվրոպայում ստորգետնյա պահեստարաններ գազ մղելու գործընթացի դանդաղումը և պահանջարկի աճը հանգեցրել են նրան, որ կապույտ վառելիքի գինը Եվրոպայում ռեկորդ է սահմանել ու մոտ ժամանակներս կարող է ավելի բարձրանալ: