Ֆրանսիան դեմ է արտահայտվել Եվրամիության և Ավստրալիայի միջև ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունների շարունակմանը, քանի որ Ավստրալիան կորցրել է վստահությունը ֆրանսիական սուզանավերի մատակարարման պայմանագրից հրաժարվելուց հետո: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը՝ հայտնում է Politico-ն:
Պարբերականը նշում է, որ տեսականորեն Եվրահանձնաժողովը բացառիկ լիազորություններ ունի առևտրային բանակցություններ վարել ԵՄ անդամ 27 երկրների անունից, սակայն գործնականում դժվար դիմի այդ քայլին «Ֆրանսիայի բացահայտ ընդդիմության» դեպքում:
Փարիզի քննադատությունը, սակայն, դժվար դուր գա Շվեդիային, Իռլանդիային կամ Նիդերլանդներին` ԵՄ առևտրի ավելի ազատ կանոններ ունեցող երկրներին՝ գրում է Politico-ն:
Եվրոպական խորհրդարանի միջազգային առևտրի կոմիտեի ղեկավար Բերնդ Լանգեն էլ խոստովանել է, որ եռակողմ համաձայնագիրը հարվածում է նաև Գերմանիայի շահերին, այն ազդում է նաև գերմանական Atlas Elektronik ընկերության վրա, որը ThyssenKrupp նավաշինական հոլդինգի մի մասն է:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը պարզաբանել է, որ իր երկրի ազգային շահերից է բխում Ֆրանսիայի հետ դիզելային սուզանավերի կառուցման պայմանագրի խզումը:
«Պարզ է, որ պայմանագրի մասնակից մյուս կողմը կհիասթափվի: Ես դա հասկանում եմ, բայց Ավստրալիայի ազգային շահերն ամեն ինչից վեր են»,- ընդգծել է քաղաքական գործիչը: