Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Ֆրանսիան այս քայլին դիմել է սեպտեմբերի 15-ին երկու երկրի արած հայտարարությունից հետո, համաձայն որի անվտանգության հարցով գործակցություն է սկսվելու Միացյալ Թագավորության հետ, իսկ պաշտոնական Կանբերան խզել է Փարիզի հետ սուզանավերի մատակարարման պայմանագիրը: «Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով ես կարգադրել եմ խորհրդատվությունների համար անհապաղ Փարիզ կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում մեր դեսպաններին: Այս որոշումը պայմանավորված է Ավստրալիայի և ԱՄՆ-ի կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունների լրջությամբ»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Նա ընդգծել է, որ դա դաշնակիցների և գործընկերների միջև անթույլատրելի վարքագիծ է: Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերության ձևաչափ ստեղծելու մասին: