Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջը հավասարապես գործելու է բոլորի համար, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարը: Պաշտոնյա լինի թե շարքային քաղաքացի՝ կամ պատվաստված պետք է լինի, կամ երկու շաբաթը մեկ ներկայացնի փաստ, որ վարակակիր չէ:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Որևէ տարբերակում հրամանի մեջ գրված չէ, և բոլորը հավասար պետք է նույն կանոնի հետևանքները կրեն:
Բայց հանրության շրջանում լայն քննարկման թեմա է դարձել, թե պետական պաշտոնյաների վրա այս որոշումը չի տարածվելու, նկատեց Կառավարության նիստը վարող, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Սուրեն Պապիկյան (ՀՀ փոխվարչապետ) - Ես ուզում եմ հնչեցնեք նաև պետական մարմինների պատվաստման ցուցանիշները մոտավոր, որպեսզի հանրությանն ավելի պարզ դառնա, որ մենք առաջնորդող դերակատարում ստանձնել ենք ու մեր օրինակով փորձում ենք ցույց տալ դրա կարևորությունը:
Անահիտ Ավանեսյան - Այո՛, ճիշտ եք ասում, պարո՛ն փոխվարչապետ, պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, արդեն 2-3 ամիս է՝ ակտիվ պատվաստվում են, և այս պահին էլ մենք պետական ապարատում ունենք պատվաստումների՝ 70 տոկոսից բարձր ցուցանիշ: Վստահ եմ, եթե ամփոփենք այս ամիսը, այդ ցուցանիշը 80 տոկոսից ավելանալու է:
Անկախ այս փաստից, ավելացրեց Անահիտ Ավանեսյանը, եթե կա չպատվաստված պաշտոնյա, հոկտեմբերի 1-ից սկսած երկու շաբաթը մեկ պետք է ներկայացնի ՊՇՌ թեստի բացասական պատասխան: Բացառություն են կազմելու միայն հղիները և պատվաստման՝ խիստ հակացուցում ունեցողները:
Անահիտ Ավանեսյան - Լինում են ժամանակավոր հակացուցումներ և բացարձակ հակացուցումներ: Եթե, օրինակ՝ քաղաքացին ունի քրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը ներկայացնելու պարագայում աշխատակիցը պարտավոր չի լինի անընդհատ թեստավորվելու: Երբ որ սրման ընթացքը կանցնի, նա արդեն կարող է հանգիստ պատվաստվել, և հենց առաջինը նրան է ցուցված պատվաստվելը:
Համաճարակի դեմ պայքարում պատվաստման դերն ընդգծելու համար նախարարը Իսրայելի, Միացյալ Թագավորության, եվրոպական երկրների օրինակը բերեց, թեև վարակակիրները շատացել են, բայց հիվանդանոցային բուժում ստացողների թիվը զգալիորեն նվազել է: Հայաստանում էլ, ասաց, հիվանդանոցային բուժում ստացողների 97-98 տոկոսը պատվաստված չէ կամ ոչ լիարժեք է պատվաստված:
Անահիտ Ավանեսյան - Սա շատ կարևոր ցուցանիշ է: Այսինքն՝ մեր գերխնդիրը՝ COVID-19 համավարակը հաղթահարելու՝ ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է և թույլ տալ առողջապահական համակարգին հասցնել հիվանդների պատշաճ բժշկական օգնության տրամադրումը:
Դելտա շտամով պայմանավորված Հայաստանում թե՛ հիվանդացության, թե՛ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում հայտնվողների թվի աճ է գրանցվել: Քովիդով հիվանդների համար հատկացված 2044 մահճակալից 1860-ը զբաղված են: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 19 մահվան դեպք է գրանցվել: