Պատերազմից հետո Արցախում լուրջ խնդիր է մնում կապի հասանելիությունը: Որքան էլ ոլորտի պատասխանատուներն ու օպերատորը փորձում են քայլեր ձեռնարկել, հարցն ամբողջությամբ լուծել չի ստացվում՝ Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի օմբուդսմենը: Գեղամ Ստեփանյանը մտագոհված է՝ այս տեսանկյունից առավել խոցելի են սահմանամերձ դարձած համայնքները, ու հարկ եղած դեպքում տեղեկություն ստանալու, օգնության հասնելու դժվարություններ կարող են առաջանալ:
Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան - Կասկած չունենք, որ սա Ադրբեջանի կողմից է իրականացվում: Վստահ լինելու պատճառներ ունենք, որ կատարվում է Շուշիի կողմից: Նախկինում նման դեպքեր եղել են, երբ բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելել Շուշի, իսկ հիմա կարծես թե այս խլացուցիչները չեն անջատվում, և լուրջ խնդիր ունենք:
Հայաստանի կապի ոլորտի մասնավոր ընկերությունները միգուցե կարողանան օգնել, քանի որ, ըստ Ստեփանյանի, խլացվում է ոչ միայն բջջային կապը, այլև ինտերնետի հասանելիության հարց էլ է առաջանում: Շարունակելով սահմանամերձ բնակավայրերի թեման՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նշեց՝ աշխատանքի խնդիր կա, գյուղատնտեսական նշականության հողերի 60 տոկոսն Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել, որոշ հատվածներում նաև ջրի հարցն է լուրջ:
Գեղամ Ստեփանյան - Պարբերաբար այցեր եմ ունենում, տեղում եմ ծանոթացել իրավիճակին ու գիտեմ, որ Մարտունու շրջանի սահմանամերձ դարձած համայքները ջրային պաշարներից զրկված են, որովհետև այդ ռեսուրսներն անցել են ադրբեջանական օկուպացիայի տակ:
Արցախում ամենալուրջը, սակայն, շարունակում է մնալ բնակարանային հարցը՝ ասաց օմբուդսմենը: Նրա գրասենյակի ստացած դիմումների 80 տոկոսը հենց այս թեմային է վերաբերում: Գեղամ Ստեփանյանը վստահ է, եթե մարդիկ ապրելու տեղ ունենան, կվերադառնան հայրենիք:
Գեղամ Ստեփանյան - Ապրում են նկուղներում, զրկված են սանիտարական պայմաններից: Սա նշում եմ այն դեպքում, եթե կարողանում են տուն գտնել: տուն չեն գտնում և, դրանով է պայմանավորված, 22 հազար արցախցի չի վերադարձել, մինչդեռ իմ հանդիպումների ժամանակ ցանկություն են արտահայտում վերադառնալու:
Ստեփանյանը դիմել է Արցախի կառավարությանը, որ վերանայվի բնակարան վարձակալելու համար պետության կողմից հատկացվող վարձավճարի չափը: Արցախի քաղաքաշինության նախարարության տվյալով էլ՝ 6518 հրետակոծված շենք-շինություններից այս պահին վերականգնվել է 1350-ը, ընթացքի մեջ է 984-ի նորոգումը, 605-ն էլ նախատեսվում է առաջիկայում անել: Նոր կառուցվող 371 բնակարան էլ շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:
Ադրբեջանական ձեռագիրը նույնն է ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի սահմանամերձ հատվածներում՝ սա էլ շեշտեց Արման Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, հանդիպման ընթացքում, Հայաստանի օմբուդսմենը ներկայացրեց իրենց ստացած ահազանգերն ու արձանագրած խնդիրների մի մասը:
Արման Թաթոյան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան - Հարձակումներ՝ քաղաքացիական անձանց վրա, օրինակ՝ հովիվների, որ արածացնում են իրենց կենդանիներին: Մարդիկ իրենց հող են մշակում, ադրբեջանցիներն անօրինական իջնում են իրենց դիրքերից, գալիս են մեր տարածք են մտնում, ասում են՝ սա իմ հողն է: Վերջերս Սյունքիում ունեցել ենք նման դեպքեր:
Հայաստանի ու Արցախի օմբուդսմեններն արձանագրեցին՝ Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերը մշտապես ու օպերատիվ կերպով պետք է ներկայացվեն միջազգային ատյաններում՝ Բաքվի վրա միջազգային ճնշումն ուժեղացնելու համար: