Սեպտեմբերի 8-11-ն աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Վիեննայում հանդիպել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) գլխամասային գրասենյակի Միգրացիոն երկխոսության և համագործակցության տնօրեն Մարթին Փլյումի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագների հետ:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու դրա շարունակականության հնարավորությունը: Ա.Ղազարյանը բարձր է գնահատել ՄՔՄՄԿ-ի նախաձեռնությամբ 2018 թ.-ից Միգրացիոն ծառայությունում գործող ԷՐԻՆ ծրագրի արդյունավետությունը, որի շրջանակում շուրջ 1000 վերադարձողներ ստացել են վերաինտեգրման աջակցություն: Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել է նաև նույն ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունը, որով Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման աշխատակիցների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ մասնագետների համար նախատեսվում է անցկացնել կարողությունների զարգացման դասընթացների շարք:
Միջազգային կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող արժեքավոր նախաձեռնությունների թվում է նաև 100-ից ավելի ապաստան հայցողների համար նախատեսվող նոր կացարանի շինարարությունը, ինչի կապակցությամբ ևս Միգրացիոն ծառայության պետն իր գոհունակությունն է հայտնել գործընկերներին:
Մ. Փլյումի և Վ. Վագների հետ քննարկվել է ՄՔՄՄԿ-ի աջակցությամբ և ԵՄ-ի օժանդակությամբ Հայաստանում մեկնարկած IMPACT ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստան վերադարձող և՛ աշխատանքային միգրանտներին, և՛ նրանց ընտանիքի անդամներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել 1+1 սկզբունքով՝ սեփական ձեռներեցությունը հիմնելու նպատակով, որով նրանց միջոցները կուղղվեն հայրենիքում հիմնվելուն, տեղական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: