ԱՇՐԱՖ ՂԱՆԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ԼՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին ներողություն է խնդրել աֆղանստանցիներից՝ երկիրը լքելու համար: Նա նշել է, որ Քաբուլից հեռանալն իր կյանքի ամենադժվար որոշումն է եղել: Նրա խոսքով՝ դա արյունահեղությունից խուսափելու միակ տարբերակն է եղել: Նախկին նախագահը հերքել է այն պնդումները, թե իր հետ Արաբական Միացյալ Էմիրություններ է տարել ժողովրդին պատկանող միլիոնավոր դոլարներ, նա խոստացել է առաջիկայում անդրադառնալ այն հանգամանքներին, որոնց պատճառով ստիպված է եղել հեռանալ երկրից:
ՔԱԲՈՒԼՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ ԵՆ
Աֆղանստանի մայրաքաղաքում դպրոցները վերաբացվել են: Քաբուլի տարրական դասարանի աշակերտներն արդեն կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կրթության նախարարությունը հայտարարել էր, որ առայժմ դպրոց կարող են հաճախել միայն մինչև 6-րդ դասարանի աշակերտները: Համաձայն նախարարության որոշման՝ այդ տարիքի աղջիկներն ու տղաներն իրավունք ունեն սովորելու նույն դասարանում, կին ուսուցիչներին նույնպես հնարավորություն է տրվել շարունակել աշխատանքը:
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ
Սպիտակ տունը նախաձեռնել է միջազգային գագաթնաժողով անցկացնել, որը նվիրված կլինի COVID-19-ի համավարակի հակազդմանն ու պատվաստմանն ուղղված գլոբալ ջանքերին:
Ջո Բայդենի վարչակազմը միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավերներ դեռ չի ուղարկել, բայց գագաթնաժողովի օրակարգն ու հարցերի շրջանակը վերջնական հստակեցված են: Քննարկումներն ուղղված են լինելու աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությանը, պատվաստանյութերի արտադրության կատարելագործմանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՈՐԾԱԾՎԵԼ Է 5.5 ՄԼՐԴ ԴԵՂԱՉԱՓ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ. ԱՀԿ
Աշխարհում 5.5 մլրդ դեղաչափ պատվաստանյութ է օգտագործվել։ Տեղեկությունը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը: Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ պատվաստումների մեծ մասն արվել է բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչը, ըստ ԱՀԿ ղեկավարի, վկայում է անհավասարության մասին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակն է, որ մինչև սեպտեմբերի վերջ յուրաքանչյուր երկրում պատվաստվի բնակչության 10 տոկոսը, իսկ մինչև տարեվերջ՝ 40 տոկոսը։