Էմիլի պատրաստած անօդաչու թռչող սարքը գրեթե պատրաստ է: Վերջին փոփոխություններից հետո սեպտեմբերին կմասնակցի «Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթին»: Իր առաջադրանքն է՝ հեղուկ նյութ սփռել, որևէ առարկա ներկել:
«Ղողանջ» կենտրոնի «Արմաթ» լաբորատորիայի սաները պատրաստվում են մրցույթին: Մասնակցելու են 3 թիմով:
Հայկ Կարապետյան («Ղողանջ» կենտրոնի «Արմաթ» լաբորատորիայի խմբավար) - Առաջին անվանակարգն այն է, որ պետք է տուժածին հայտնաբերենք ու բեռ փոխանցեք: 2-րդը՝ պետք է հրդեհի օջախը հայտնաբերենք: 3-րդ անվանակարգը, որին արդեն Էմիլի թիմն է մասնակցում, հեղուկ նյութի սփռումն է:
Երեխաները ԱԹՍ սարքելու փորձ չունեն, մի քիչ դժվարանում են: Ընթացքում սովորում են հավաքել սարքն ու լուծել տրված խնդիրը:
Էմիլ Արշակյան («Ղողանջ» կենտրոնի «Արմաթ» լաբորատորիայի սան) - Մնացել է ծրագրավորել և մրցույթի խնդիրներից մեկն էլ լուծել: Ընդհանուր՝ ես հավաքել եմ դրոնը մեկ ամսվա ընթացքում, հեշտ չէր, բայց քանի որ առաջին անգամ էր, ինձ թվում է՝ 2-րդ անգամ ավելի կարճ ժամանակում կհավաքեմ:
Մրցույթը կանցկացվի Լոռու մարզի Լեռնապատ գյուղում: Նպատակն է՝ թիմերի ԱԹՍ-ների միջոցով առաջարկել լուծումներ արտակարգ իրավիճակներում: