Վաղ գարնանային ցրտահարությունը գրեթե 80 տոկոսով վնասել էր Ֆրունզեի ծիրանի այգին: Գյուղում առաջիններից էր օգտվել գյուղատնտեսության ապահովագրության ծրագրից, ինչի արդյունքում տնտեսական վնասը զգալի չէր:
Ֆրունզե Առաքելյան (ծրագրի շահառու Արարատի մարզի Ջրահովիտ համայնքից) - Ընտրել ենք ամենաբարձր ռիսկային գոտին, որը 1 հա-ի համար մուծել ենք 140000 դրամ ապահովագրական ընկերություններին, որի դիմաց ստացել ենք դրա կրկնակին։
Ֆրունզեն ասում է՝ անցյալ տարի գյուղում 5 տնտեսություն էր ապահովագրել այգին։ Տեսնելով ծրագրի արդյունավետությունը՝ այս տարի դրանց թիվը հասավ 18-ի։ Հարևան այգետեր Արարատի խոսքով՝ ճիշտ է, ցրտահարության հետևանքով գրեթե բերք չի ստացել, բայց ստացած փոխհատուցմամբ կարողացել է փակել ծախսերը և կատարել ագրոտեխնիկական մի շարք աշխատանքներ։
Արարատ Գևորգյան (ծրագրի շահառու Արարատի մարզի Ջրահովիտ համայնքից) - Իրանք եկան նայեցին, որ ծաղիկը ոնց ա թափել, հետո էլ եկան ծիրանի վախտ նայեցին ու ակտավորեցին, ասեցին՝ գումարը կգնաք կստանաք։ Ես մուծում եմ 30000 դրամ, ցրտահարության դեպքում ինձ տալիս են 247000:
2019-ին մեկնարկած Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պետական աջակցության ծրագրով պետությունը փոխհատուցում է ապահովագրավճարի 50-60 տոկոսը։ Միաժամանակ համակցված ռիսկերից ապահովագրելու դեպքում ապահովագրավճարը 10 տոկոսով ևս զեղչվում է։ Սկզբում ապահովագրվում էր երկու մշակաբույս՝ երկու ռիսկից։ Այս տարի արդեն կարկուտի, հրդեհի և գարնանային ցրտահարության ռիսկերից ապահովագրվում է 11 մշակաբույս։ Ոլորտի ներկայացուցչի խոսքով՝ ծրագրի շահառուների թիվը տարեցտարի ավելանում է։
Իռա Փանոսյան (ՀՀ ԷՆ գյուղատնտեսության ծրագրերի մշակման վարչության պետ) - 2020 թ. վաճառվել է շուրջ 1500 ապահովագրական պայմանագիր, իսկ 2021 թ. վաճառվել է շուրջ 4300 պայմանագիր, և սա գովելի փաստ է, քանի որ ապահովագրությունը նոր մշակույթ է՝ ագրոմշակույթ է մեր ոլորտում։
Ծրագրից առավելապես օգտվել են Շիրակի, Լոռու, Արմավիրի և Արարատի մարզերի տնտեսվարողները։ Մշակաբույսերից ամենաշատը ապահովագրել են հացահատիկ, իսկ պտուղներից՝ ծիրան և խաղող։ Տնտեսվարողներն ասում են՝ ծրագիրը արդյունավետ է, և առաջարկում են ներառել նոր մշակաբույսեր և ռիսկեր։
Ֆրունզե Առաքելյան - Վերջին տարիներին կարծես թե բնությունն էլ ձևափոխվել է, օրինակ՝ էս տարի շատ արտակարգ ուժեղ քամիներ էին, կխնդրեինք, որ հնարավոր լիներ եկող տարի սա էլ մտցվեր այդ ծրագրի մեջ։
Իռա Փանոսյան - Հետզհետե անցում ենք կատարելու մշակաբույսերի ընդլայնման և, ինչու չէ, հետագայում նոր ռիսկերի ապահովագրության։
Էկոնոմիկայի նախարարությունից ասում են՝ ամեն տարի դիտարկում են խնդիրները և լրամշակում ծրագիրը։
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան