Գյուղատնտեսություն, բնապահպանություն, ձեռնարկատիրական գործունեություն՝ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի գյուղական համայնքների 17-25 տարեկան երիտասարդները Կանաչ ուսուցման կենտրոնում ձեռք են բերում գիտելիքներ՝ սոցիալական ձեռներեցության և կանաչ գյուղատնտեսության վերաբերյալ։
Լուսինե Վերդյան («Սոցիալական ձեռներեցություն՝ էկոհամակարգի զարգացման համար» ծրագրի ազգային համակարգող) - Ճամբարը կազմակերպվում է «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում, որը տարածաշրջանային ծրագիր է և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Ծրագրով նախատեսվում է կազմակերպել երեք ճամբար՝ երեք մարզի մոտ 60 երիտասարդների մասնակցությամբ։ Ծրագրի առաջին փուլին մասնակցել են 15-16 տարեկան պատանիները։ Այս շաբաթ մեկնարկել է երկրորդ ճամբարը։
Լուսինե Վերդյան - Ծրագրի նպատակն է Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի երիտասարդների կարողությունների զարգացման միջոցով բերել այնպիսի մակարդակի, որպեսզի իրենք կարողանան ստեղծել իրենց սոցիալական ձեռնարկությունները և ապահովեն դրանց կայուն ընթացքը հետագայում։
Ճամբարում օրը հագեցած է՝ երգ ու պար, էքսկուրսիաներ, խաղեր, հյուրեր, որոնք ներկայացնում են սոցիալական ձեռերեցության ոլորտում իրենց հաջողության պատմությունները։ Շիրակցի Ստելլան ասում է՝ մեծ ակնկալիքով է մասնակցում կրթական ճամբարին։ Վստահ է՝ ձեռք բերած գիտելիքները կնպաստեն սեփական բիզնեսի առաջխաղացմանը։
Ստելլա Գաբրիելյան (ճամբարի մասնակից Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքից) - Այս ծրագրին մասնակցել եմ, քանի որ ես ինքս ունեմ սեփական ձեռնարկատիրությունը և ուզում եմ տվյալ դասընթացների ճամբարային ծրագրին մասնակցելով ունենալ շատ գիտելիքներ և զարգացնել իմ բիզնեսը։
Գոռը Տավուշի մարզից է, ասում է՝ ճամբարը հնարավորություն է տվել հաստատել նոր ծանոթություններ, ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ ինտենսիվ գյուղատնտեսության վերաբերյալ։
Գոռ Քոսակյան (ճամբարի մասնակից Տավուշի մարզի Բերք քաղաքից) - Ճամբարն ինձ տվեց նոր ընկերներ, որոնց կարող եմ վստահել յուրաքանչյուր հարցում: Ավելի մոտիկից ծանոթացա Կանաչ ուսուցման կենտրոնի գործունեությանը և նաև գյուղատնտեսության տարբեր ոլորտներին։
Հնազանդը երկրորդ անգամ է Կանաչ ուսուցման կենտրոնում։ Բնության հանդեպ սերը մեծ է, բաց չի թողնում բնապահպանական որևէ դասընթաց։ Տանը սննդի մնացորդներից կոմպոստ է պատրաստում իր աճեցրած ծաղիկների համար։ Այստեղ էլ տնկեց հակոբուք բույս։
Հնազանդ Մանուկյան (ճամբարի մասնակից Շիրակի մարզի Գուսանագյուղից) - Այս օրերի ընթացքում խնամելու ենք բույսը ու հետո տանելու ենք մեզ հետ, խնամքը շարունակենք արդեն տանը, նաև մրցույթի նման բան է լինելու, թե որ բույսը լավ կխնամենք ու հոգատարություն կտանք իր մասին։
Ճամբարի ընթացքում լինելու են դասընթացներ բնապահպանական ու գյուղատնտեսական թեմաներով: Երիտասարդները կմասնակցեն գյուղատնտեսական աշխատանքներին: