Խորհրդարանական ընդդիմությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԱԺ նախագահի ընտրության գործընթացի սահմանադրականությունը: «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները հակասահմանադրական են որակում, որ իրենց՝ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը, կալանքի պատճառով ԱԺ նիստներին չեն մասնակցում:
Արծվիկ Մինասյան (ԱԺ « Հայաստան» խմբակցության քարտուղար) - Հիմք ընդունելով Սահմանադրությունը և «ԱԺ կանոնակարգ» օրենքը՝ դիմելու ենք ՍԴ պատգամավորների անձեռնմխելիության առկայության պայմաններում նրանց ապրօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու:
Ազգային ժողովի օրակարգում խորհդարանի փոխխոսնակների ընտրության հարցն է: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի ու Հակոբ Արշակյանի թեկնածությունը, ընդդիմության թեկնածուն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է: Ռուբինյանը նախ շնորհավորեց ընդդիմադիր գործընկերներին՝ խորհրդարանում ներկայություն ունենալու համար:
Ռուբեն Ռուբինյան (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Եթե ես երբևիցե այս ամբիոնից վիրավորեմ կամ զրպարտեմ մեր ընդդիմադիր գործընկերներին, դա կլինի վիրավորանք նրանց վստահություն քվե տված մեր քաղաքացիների մի մասին, ինչպես և մեր ընդդիմադիր գործըներների կողմից այս ամբիոնից ինձ կամ իմ թիմակիցներին վիրավորելն ու զրպարտելը կլինեն վիրավորանք մեծամասնությանը քվեարկած քաղաքացիներին:
Պատասխան չի ակնկալում, բայց հարցն ուղղում է Ռուբեն Ռուբինյանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Նա հայտարարեց՝ Ռուբինյանն իր կյանքի որոշակի հատված անցկացրել է Թուրքիայում, ինչը թաքցվել է: Ռուբինյանը հակադարձեց՝ երբեք չի թաքցրել, որ որոշակի ժամանակահատված հետազոտություններ է իրականացրել Թուրքիայում։
Ռուբեն Ռուբինյան - 2017 թվականին թուրք ազգայնականի կողմից սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս իրականացրել եմ հետազոտություն, ի դեպ, երբեք չեմ թաքցրել, փոխնախարար նշանակվելուց հետո հայտարարել եմ, որ հեղափոխությունից առաջ եղել եմ Թուրքիայում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ խոսեց պարգևավճարներից՝ մեղադրելով իշխանությանը երկրի ծանր պայմաններում պարգևավճար ստանալու համար:
Արմենուհի Կյուրեղյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր) - 30 տոկոս պաշտոնական աղքատության ունեցող երկրում մեկ տարվա ընթացքում ԱԺ-ում տրամադրվել է 1.5 մլրդ դրամին համարժեք պարգևավճար, իսկ պատերազմից հետո ստացել եք, թե՝ ոչ, դա մանիպուլյացիա է, մինչև էդ հո ստացել եք:
Մանուպուլյացիա չէ, այլ փաստ է՝ պատերազմից հետո պարգևավճար պատգամավորները չեն ստացել, ավելին՝ վերջին անգամ պարգևավճար ստացել են 2020 թվականին փետրվարին՝ արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյան - Ինչ վերաբերում է ձեր նշած թվին, ԱԺ-ում աշխատում են ոչ միայն պատգամավորներ, ԱԺ-ն ունի մոտ 700 աշխատակից՝ այգեպաններ, պահակներ, անվտանգության աշխատակիցներ, քարտուղարներ: Այո, կարծում եմ, որ իրենք արժանի են ստանալ պարգևավճար, այգեպանը պետք է ստանա պարգևավճար:
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» ունեմ դաշինքները հայտարարեցին՝ դեմ են քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը: