Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպման օրակարգում առաջնային տեղ են զբաղեցրել տարածաշրջանային զարգացումների քննարկումները: Կողմերը նաև երկկողմ հարաբերություններն են քննարկել; Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ ընթացիկ տարում աճել է արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան: Բացի այդ, Հայաստանում ամբողջ թափով ընթանում են երկաթգծային թարմացումները: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի՝ Հայաստան մատակարարման հարցում ցուցաբերած աջակցության համար: Վլադիմիր Պուտինը նկատել է, որ 2 երկրների միջև խորհրդակցությունները նորմալ հունով են ընթանում և շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - Ցավոք, վերջին շրջանում մենք շատ ենք քննարկում հարցեր՝ կապված անվտանգության հետ, քանի որ մեզ մոտ՝ տարածաշրջանում, իրավիճակը կայուն չէ: Բոլորը գիտեն Ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ 44-օրյա պատերազմում կրակի դադարեցման հասնելու հարցում: Պետք է ասեմ, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է, սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անհանգստության, անկայունության օջախներ: Ես այսօր ուզում եմ Ձեզ հետ կիսվել գնահատականներով ու կարծիքներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Իրավիճակը նաև շատ կայուն չէ Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանին: Այս թեմայով մենք բազմիցս խոսել ենք: Ուզում եմ ասել, որ այստեղ ևս, ցավոք, ունենք մշտական անհանգստության օջախ՝ վերջին երկու ամիսներին ընթացքում: Դեռևս ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը, թեպետ, բարեբախտաբար, այստեղ ևս լավ նորություններ կան. մի քանի օր առաջ 15 ռազմագերի վերադարձավ հայրենիք: Ցանկանում եմ ընդգծել այստեղ Ձեր անձնական դերակատարումը և շնորհակալություն հայտնել Ձեզ:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Իհարկե, ցանկանում եմ ևս մեկ անգամ, արդեն անձամբ, շնորհավորել ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, նախ և առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով: Դրա համար շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք: Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևորն է հետագա զարգացման համար, ուստի անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ: Հուսով եմ այսօր կկարողանանք պաշտոնական և ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում մանրամասն քննարկել ենք և որոնք լուծման կարիք ունեն: