Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է 2021 թվականի և միջնաժամկետ կտրվածքով՝ Բանկի գործունեության տարածաշրջանի մակրոտնտեսական կանխատեսումը:
ԵԱԶԲ վերլուծաբանները մարտին կանխատեսում էին վերականգնման մեծ աճ Բանկի անդամ երկրներում, բայց տարվա առաջին կիսամյակի իրողությունը գերազանցել է սպասելիքները:
Համաշխարհային տնտեսության ուժեղ աջակցության համատեքստում ԵԱԶԲ անդամ երկրների համախառն ներքին արդյունքի աճի կանխատեսումը 2021 թվականին ավելացել է 0,7 տոկոսային կետով` կազմելով 4%: Վերանայումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի այս տարվա ՀՆԱ-ի աճի նախահաշվի բարելավմամբ` 3,3%-ից 4,1%:
ԵԱԶԲ-ի կանխատեսումները Հայաստանում ՀՆԱ-ի աճի վերաբերյալ նույնպես բարձր են՝ 2021 թ. կազմելով 4,2 տոկոս: Հայաստանի առանցքային առևտրային գործընկեր Ռուսաստանի տնտեսական ակտիվ վերականգնումն ուժեղ ազդակ հաղորդեց Հայաստանի արտահանմանն առաջին կիսամյակում:
ԵԱԶԲ վերլուծաբանները Բանկի անդամ երկրներում կանխատեսում են գնաճի դանդաղում՝ մայիսի 6,6%-ից 5,6% մինչև 2021 թվականի վերջը: Հայաստանում ԵԱԶԲ-ն տարեվերջին ակնկալում է 5,4% գնաճ: