Չեխիայում իրավապահներն առայժմ բավարար ապացույցներ չունեն 2014-ին Վրբետիցայի զենքի պահեստներում պայթյունների գործում Մոսկվային մեղադրանք ներկայացնելու համար, բայց չեն բացառում Ռուսաստանի հատուկ ծառայությունների մասնակցությունը: Այս մասին հայտարարել է Չեխիայի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավարը:
Իրժի Մազանեկը խոստովանել է, որ քննիչներն օտարերկրյա հետախուզական ծառայություններից տեղեկություններ չեն ստացել պայթյունների մասին՝ գրում է EaDaily-ն:
Պրահան ապրիլին Ռուսաստանի հատուկ ծառայություններին մեղադրել էր 2014-ին Վրբետիցայի ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյուններին մասնակցելու համար, ինչն էլ փչացրեց երկու երկրի հարաբերությունները: Դրանից հետո Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակից վտարվեց Չեխիայից: Ի պատասխան՝ Մոսկվան անցանկալի անձ համարեց Չեխիայի դիվանագիտական առաքելության 20 աշխատակցի և հայտարարեց, որ պայթյունի մեղադրանքներն անհեթեթ են ու անհիմն: