Խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքների վերահաշվարկից հետո արձանագրված թվային որոշակի փոփոխությունները ոչ թե ընտրակեղծիքի, այլ անփութության հետևանք են: Այս կարծիքին են «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչները:
Դանիել Իոաննիսյան (ԻՔՄ-ի ծրագրերի համակարգող) - Սա արձանագրության նկարն է, այստեղ 409 է գրված ՔՊ-ի դիմաց, բայց ԿԸՀ կայքի աղյուսակավորման մեջ գրված է 49, ակնհայտ է, որ օպերատորը մոռացել է 0 մուտքագրի, սա չի նշանակում, որ ՔՊ-ի ձայները գողացել են: Տվյալները նորից մուտքագրվելու են, և այս սխալները կվերանան:
Դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունն ուսումնասիրել է վերահաշվարկ իրականացրած տեղամասերի տվյալները. 43%-ի դեպքում քվեների թիվն ընդհանրապես չի փոխվել:
Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար) - Քվեարկության ճշտման արդյունքում էական ազդեցություն չի եղել քվեարկության վերջնական արդյունքների վրա: Խախտումները էական ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա: Սա ևս մեկ անգամ այս ստուգումների արդյունքում արձանագրվում է:
Հաշվարկի և վերահաշվարկի ժամանակ Դանիել Իոաննիսյանի ուշադրությունը գրավել են 3-րդ համարի քվեաթերթիկները: Դրանք որոշ դեպքերում ծրարներից հանվել են արդեն կիսապատռված վիճակում: Իոաննիսյանն այս խնդրի երկու հավանական պատճառ է դիտարկում:
Դանիել Իոաննիսյան - Կամ ընտրողին չեն տվել երրորդ համարի քվեաթերթիկը, և ընտրողը քվեախցիկի արկղից է ստիպված եղել վերցնել, կամ ընտրողին պարտադրել են դուրս հանել 3-րդ համարը, և ընտրողը էլի ստիպված վերցրել է քվեախցիկից և այն դրել ծրարի մեջ:
«Անկախ դիտորդն» ուսումնասիրել է նաև ընտրությանը մասնակցածների ակտիվությունն ըստ ժամերի: Պարզվել է՝ առավոտյան 8-ից մինչև 11:00-ը որոշ տեղամասերում գրանցվել է սովորականից բարձր մասնակցության ցուցանիշ: Դանիել Իոաննիսյանը, որը համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու մեծ փորձ ունի, պնդում է՝ ընտրողների նման ակտիվություն արձանագրվում է հիմնականում այն դեպքերում, երբ նրանց քվեարկելու է ուղղորդում որևէ քաղաքական ուժ:
Դանիել Իոաննիսյան - Այն տեղամասերում, որտեղ մասնակցել է առավել մեծ տոկոսը, առավել բարձր են վերջում արձանագրվել «Հայաստան» դաշինքի ձայները, այդպիսի տեղամասերում նաև առավել ցածր են եղել «Քաղաքացիական պայմանագրի» ձայները: «Պատիվ ունեմ»-ինը համարյա չի փոխվում: Այն տեղամասերում, որտեղ մասնակցությունն ավելի քիչ է եղել առավոտյան ժամերին, «Քաղաքացիական պայմանագրի» ձայներն են շատ և «Հայաստան» դաշինքի ձայներն են քիչ:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամները վստահ են՝ բոլոր անճշտությունները վերացնելուց հետո էլ ընտրության արդյունքը մեծ հաշվով չի փոխվի: