«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին, հայտարարեց՝ իրենց համերաշխության, միասնության օրակարգը պարտվել է:
«Մեր ժողովուրդը որոշել է, որ 8-րդ գումարման խորհրդարանը պետք է բաղկացած լինի Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերից: Ժողովրդի որոշումն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասաց նա: Մարուքյանը, սակայն, հստակ չպատասխանեց՝ խորհրդարանի այդ կազմով հնարավո՞ր է վերականգնել համերաշխությունը, թե ոչ: «Կտեսնենք, ամեն դեպքում չեմ կարծում, թե այս խորհրդարանը կլինի որակապես շատ ավելի լավը, քան նախորդն էր»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարել է ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մտադրության մասին: Ըստ Մարուքյանի, անգամ այն ուժերը, որոնք պատրաստվում են ՍԴ դիմել, ուզում են նաև մանդատները վերցնել: «Հետևաբար, նաև իրենք են ընդունում այդ արդյունքները: Վիճարկելու հարցեր կան, թող վիճարկեն, ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց ես տեսնում եմ, որ ընդհանուր դաշտն ընդունում է մեր ժողովրդի որոշումը»,- ասաց նա: