Նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ մինչև քվեարկության օրը ՀՀ ոստիկանությունում արձանագրվել է 246 դեպք, որոնցից որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ընթացք է տրվել 124 դեպքի, իսկ 120-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար:
Այս մասին ԿԸՀ մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը:
«Նշված 124 դեպքերից 30-ը գրանցվել են Երևանում, իսկ մնացած 94-ը՝ հանրապետության մարզերում: Դրանք հիմնականում վերաբերել են ընտրակաշառք ստանալուն, տալուն, առաջարկելուն, խոստանալուն, տրամադրելուն (35 դեպք), ընտրողի ազատ կամքը խոչընդոտելուն (15 դեպք), նախընտրական քարոզչությանը մասնակցել հարկադրելուն (16 դեպք), լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն (2 դեպք), գույքը դիտավորությամբ վնասելուն (27 դեպք), խուլիգանությանը, ծեծին և սպառնալիքին (15 դեպք), այլ բնույթի դեպքերին (13)»,- ասաց Մկրտչյանը:
Մկրտչյանը նշեց, որ 124-ից 9-ի դեպքում հարուցվել է քրեական գործ: