«Ազգային օրակարգ» կուսակցությունը խորհրդարանի արտահերթ ընտրությունները դիտարկում է որպես ազգային-ազատագրական պայքարի հերթական փուլ: Քաղաքական ուժը վստահեցնում է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը հայոց բանակն է: Իրենց նախընտրական ծրագիրը կառուցել են երեք հիմնական դրույթի վրա՝ անվտանգություն, մրցունակ տնտեսություն, առողջ հասարակություն:
Արա Հակոբյան («Ազգային օրակարգ» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Անվտանգային առաջին գործոնի համատեքստում մենք տեսնում ենք, որ պետք է արմատական փոփոխություններ իրականացվեն բանակաշինության մեջ, մենք պետք է հաշվի առնենք այն իրողությունները, որոնցում հայտնվել ենք:
Կուսակցության ընտրացուցակի առաջին համարը համոզված է՝ պատերազմից խուսափելու միակ տարբերակը դրան պատրաստվելն է: Ընտրվելու դեպքում կուսակցության անդամները մտադիր են բովանդակային փոփոխություններ կատարել պետական կառույցներում:
Արա Հակոբյան - Մենք կարծում ենք, որ ոստիկանությունը պետք է դադարի անմիջական ենթակայություն ունենալ միայն վարչապետից, այսինքն՝ վարչապետը, լինելով կառավարության ղեկավար, այնուամենայնիվ, կառավարության անդամները պետք է լինեն քաղաքական այրեր, ոստիկանությունը նույնպես պետք է լինի կառավարության անդամ:
Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը պետք է առաջնորդվի պետական ու ազգային շահերով՝ ասում է Հակոբյանը, կարգախոսի ընտրությունն էլ դա հաշվի առնելով են ընտրել՝ «Օրակարգում հայն է»:
Արա Հակոբյան - Ռուսաստանի հետ մենք պետք է կարողանանք իրականացվելիք ծրագրերի շրջանակում համատեղ համադրելով մեր շահերը Ռուսաստանի պետական և ազգային շահերի հետ միասին՝ ձևավորել նոր օրակարգ:
«Ազգային օրակարգ» կուսակցությունը պատրաստ է ընդհանուր շահեր գտնել թե՛ հարևան, թե՛ աշխարհագրական տարբեր բևեռներում գտնվող պետությունների հետ:
Արա Հակոբյան - Այստեղ կարևորում ենք Չինաստանը, առաջին համատեքստում ռազմավարական համագործակցության, կարևորում ենք ԱՄՆ-ն, պետք է շարունակենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, դարձնել դրանք ավելի արդյունավետ, տարածաշրջանային երկրներից կարևորում ենք Իրանը ու, դե իհարկե, Վրաստանը:
Հակոբյանը նշում է՝ կայուն և մրցունակ տնտեսություն ունենալու միակ ճանապարհը ներդրումներն են, բայց առանց անվտանգային խնդիրները լուծելու որևէ ոլորտում դրական տեղաշարժ չեն կարող արձանագրել:
Արա Հակոբյան - Որպեսզի մենք կարողանանք տնտեսություն զարգացնել, փուլ առաջին՝ իշխանափոխություն, եղած իշխանությունը պետք է գնա, փուլ երկրորդ՝ պետք է ունենալ հստակ ձևավորված, լավ մշակված և հանրային քննարկումներ անցած տնտեսական ծրագիր և փուլ երրորդ՝ այդ ծրագիրը պիտի ներկայացնենք մեր գործընկերներին:
«Ազգային օրակարգը» համոզված է՝ կրթության միջոցով պետք է դաստիարակել մրցունակ հայի, որը հնարավորություն կունենա իր գիտելիքներով մրցակցել միջազգային հարթակներում:
Արա Հակոբյան - Որի վրա հենում ես մրցունակ հասարակություն, որի վրա հենում ես մրցունակ տնտեսություն, որի վրա հենում ես մրցունակ պետություն:
Արա Հակոբյանը նշում է՝ որքան բարձր լինի վստահությունը կուսակցության գաղափարների հանդեպ, որքան շատ ձայն ունենա, այնքան իրենց գործիքակազմն ավելի ազդեցիկ կլինի: