Անցել են ժամանակները, երբ ՀՀ քաղաքացին ընդամենը հարցերի պատասխանող պարզ սուբյեկտ էր: Հիմա ՀՀ քաղաքացին որոշումներ կայացնող սուբյեկտ է, իսկ որոշումներ կայացնել նշանակում է ոչ միայն որոշել, այլև հետևողականորեն, շարունակաբար, վճռական գնալ այդ որոշումների կայացմանը: Այսօր յուրաքանչյուր քաղաքացի հունիսի 20-ին պիտի պատասխանի՝ Հայաստանում ապագա կա՞: Ինչու է այս հարցը ծագել: Մի պարզ պատճառով, որովհետև 2020 թ. այդ դաժան պատերազմի հետևանքով մեր երազանքները փլուզվել են, մեր հույսերը հարված են ստացել, մեր լավատեսությունը խամրել է, բայց մենք այսօր այս ընտրությունը պիտի օգտագործենք ոչ թե ուղղակի ժողովրդի իշխանությունը վերահաստատելու, այլև հայ ժողովրդի երազանքները վերակենդանացնելու, հույսը հզորացնելու, լավատեսությունը նախկինից էլ ավելի մեծացնելու համար, որովհետև մենք պատասխանատու ենք այս հայրենիքի, երեխաների համար, և մենք այդ պատասխանատվությունը պետք է կրենք լիարժեք: Այս մասին Լոռու մարզի Տաշիր համայնքում՝ քաղաքացիների հետ հանդիպմանը, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սա նշանակում է՝ մենք ամեն օրվա պիտի նայենք որպես մի աղյուս՝ դրված կամ չդրված ապագայի շինության մեջ:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Կառավարության գործն է ոչ թե քաղաքացուն պատասխանատվությամբ ծանրաբեռնելը, այլ պատասխանատվությունը ստանձնելը և քաղաքացու համար հնարավորություն ստեղծելը, որ քաղաքացին աշխատի, հարստանա և հարստացնի:
Փաշինյանն ընդգծեց՝ մեր երկրում առկա յուրաքանչյուր խնդիր կապված է աշխատանքի հետ և Կառավարության նպատակն է մարդկանց հնարավորություն տալ աշխատելու և արարելու:
«Հայաստանի վարելահողների 50 տոկոսը չի մշակվում: Դա նշանակում է, այդքան ապրանք չի արտահավնել, այդքան աշխատաեղ չի ստեղծվել, և այդքան թերֆինանսավորվել է մեր բանակը, դպրոցը, մանկապարտեզը, առողջապահական հիմնարկը: Այս ճանապարհն է, որ մեզ կանգնեցրել է այս փորձության առաջ: Մենք պայքարե՞լ ենք արդյոք, արե՞լ ենք արդյոք առավելագույնը, որ մենք այդ փորձություն անցնենք առավել պատրաստված ձևով»,- հարց ուղղեց Փաշինյանը: