Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում Թուրքիայի դեսպանությունը հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների ճանաչմանը միտված միջնորդության դեմ արշավ է սկսել՝ թիրախավորելով Հարավային Ավստրալիայի խորհրդարանի անդամ Թոմ Կուտսանտոնիսին: Այս մասին տեղեկացնում է Greek City Times պարբերականը:
Կանաչ մայրցամաքում Թուրքիայի դեսպանությունը հայտարարել է, որ հույների ցեղասպանությունը «պատմական փաստերի լուրջ խեղաթյուրում է»:
Հունական պարբերականը նշում է, որ 1913-23 թվականներին Օսմանյան կայսրության և երիտթուրքերի կողմից ցեղասպանության են ենթարկվել ոչ միայն 1 մլն հույներ, այլև՝ 1,5 մլն հայեր և առնվազն կես միլիոն ասորիներ:
Թեպետ Թուրքիան շարունակում է հերքել ցեղասպանությունը, ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի 2007-ի բանաձևում ասվում է, որ 1914-1923 թվականներին Օսմանյան կայսրության՝ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված արշավը սահմանվել է որպես հայերի, ասորիների և հույների դեմ ցեղասպանություն: