Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը «սև ցուցակում» ավելացրել է ևս յոթ ռուսաստանցի արվեստագետի անուն: Դրանց թվում են դերասաններ Վերա Ալենտովան, Եվգենի Ալեքսանդրովը, երգչուհի Էլվիրա Տուգուշևան, որը հայտնի է Էլվիրա Թ. կեղծանունով, դաշնակահար և կոմպոզիտոր Իգոր Բրիլը, ջազմեններ Դենիս Կագանեցը և Յակով Օկուն, ինչպես նաև «Տավրիդա Ֆիլմ» կինոընկերության հիմնադիր Օդիսեյ Պիպիան՝ հայտնում է նախարարությունը:
Ռուսաստանի այս քաղաքացիներին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը համարել է վտանգավոր հանրապետության համար:
Ցուցակում, որը ստեղծվել է 2015 թվականին, ընդգրկված են նաև Օլեգ Գազմանովը, Վալերիան, Սերգեյ Պենկինը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Յուլիա Չիչերինան: Ուկրաինայի մշակույթի նախարարության սև ցուցակը պարբերաբար թարմացվում է, և այժմ այնտեղ գրանցված է 199 արվեստագետ: