ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հերքել է իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ շարժումը համաձայն է Եգիպտոսի առաջարկին՝ դադարեցնել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը և հրադադար հաստատել հինգշաբթի՝ մայիսի 20-ից: Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի հատվածից Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 60 հրթիռ, որից 10-ն ընկել են հենց պաղեստինյան տարածքում: Մայիսի 10-ին սկսված հակամարտության հետևանքով զոհվել է 237 պաղեստինցի, որից 60-ը՝ երեխա, 36-ը՝ կին: Իսրայելական կողմից զոհվել է մոտ 12 մարդ:
ԱՄՆ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՊԵԿԻՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին աշխարհի առաջնորդներին կոչ է արել հրաժարվել Պեկինում կայանալիք 2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցությունից՝ վկայակոչելով Չինաստանում մարդու իրավունքների խախտումները: ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանության խոսնակը պատասխանել է Փելոսիի կոչին՝ ասելով, որ Պեկինը «կտրականապես դեմ է սպորտի քաղաքականացմանը, ինչը հակասում է Օլիմպիական խարտիայի ոգուն և, ի վերջո, վնասում է արդար մրցակցությանը մասնակցելու բոլոր մարզիկների իրավունքին»:
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԹՐԱՄՓԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Նյու Յորքի դատախազության գրասենյակը տեղեկացրել է «Թրամփ կազմակերպությանը», որ իրենց հարցով հետաքննությունն այժմ կրում է քրեական բնույթ: Հետաքննությունը սկսվել է 2019 թվականից: Ավելի վաղ Մանհեթենի շրջանի դատախազը հայտնել էր, որ այն իրականացվում է Թրամփի ֆինանսական գործերի հետ կապված՝ պետական օրենքների հնարավոր խախտումները բացահայտելու համար:
Նախկին նախագահը հերքել է ցանկացած մեղադրանք և հայտարարել, որ իր նկատմամբ իրականացվում է «քաղաքական դրդապատճառներով հետապնդում»: