Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում իրադրության լարմանը:
Արա Այվազյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար) - Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին հայտնել է, որ ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Այվազյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որևէ պարագայում չի կարող հանգեցնել հակամարտության լուծմանը:
Արա Այվազյան - Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական հարթակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և այդ միջնորդական առաքելության մշակած սկզբունքների միասնական ու համապարփակ իրագործման հիման վրա:
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային իրադրության և անդամ երկրների անվտանգության վրա կառույցի ազդեցությանը, ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանն առնչվող հարցեր։ Նիստից առաջ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։