Ուրալի ԱՄՆ հյուպատոսությունը դադարեցրել է գործունեությունը, Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Էմի Սթորոուն հեռացել է Ռուսաստանից: Իր ուղերձում նա հույս է հայտնել, որ Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատանքը շուտով ամբողջությամբ կվերսկսվի, գրում է BBC-ն:
«Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը 27 տարի շարունակ կապել է Ուրալը և Արևմտյան Սիբիրը Միացյալ Նահանգների հետ՝ տրամադրելով վիզա և ծառայություններ ԱՄՆ քաղաքացիներին, անցկացրել է անգլերեն լեզվի ուսուցման միջոցառումներ, բիզնես սեմինարներ և փոխանակման ծրագրեր»,- ասել է գլխավոր հյուպատոսը:
Ավելի վաղ հայտարարվել էր Վլադիվոստոկի հյուպատոսության աշխատանքների դադարեցման մասին: Այդ երկու դիվանագիտական առաքելությունները փակելու ծրագրերը քննարկվել են դեռևս անցյալ տարի՝ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին՝ կապված Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների թվի սահմանափակման հետ:
Ըստ այդ որոշման՝ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի թիվը կկրճատվի 75%-ով, հայտնում են դիվանագիտական առաքելությունից: