Մերձավոր Արևելքում պաղեստինյան կողմի հրթիռային հարձակումները շարունակվում են՝ չնայած Գազայի հատվածում ռազմական թիրախների դեմ իսրայելական օդուժի զանգվածային ավիահարվածներին: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի ուղղությամբ գրադ տիպի 3 հրթիռ է արձակվել նաև Լիբանանի տարածքից:
Ավելի վաղ, պաղեստինյան Համաս շարժման ռազմական թևը պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածել էր Միջերկրական ծովում գազ հորատող համալիրին: Մեկ այլ տեղեկությամբ՝ դարձյալ անօդաչու սարքի հարձակման է ենթարկվել Գազայի հետ սահմանում գործող իսրայելական քիմիական գործարանը: Պաղեստինա-իսրայելական լարվածության հարցում խիստ մտահոգ է հատկապես Թուրքիան: Նախագահ Էրդողանը նույնիսկ սպառնացել է Իսրայելին:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի նախագահ - Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության ճնշումից։ Նրանք անցել են բոլոր սահմանները: Ինչպես վճռականորեն պաշտպանում էինք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն զգացումով ձեռնամուխ ենք լինում պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների դեմ գործողություններին։
Ըստ փորձագետների, եթե հաշվի առնվի, որ Թուրքիան ոչ միայն ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում, այլև այնտեղ ուղարկեց իր զինված ուժերին, մասնավորապես՝ հատուկ նշանակության ջոկատներին, կազմակերպեց վարձկանների տեղափոխումը Սիրիայից, իսկ թուրք մասնագետները ղեկավարեցին անօդաչու թռչող սարքերը, Գազայի հատվածին նման աջակցությամբ Անկարան փաստացի պատերազմով է սպառնում Իսրայելին:
Էրդողանը նաև հայտնել է՝ Գազայում իրավիճակի շուրջ բանակցություններ է վարել 19 երկրի ղեկավարների հետ, կոչ արել միջազգային հանրությանը, նաև ՄԱԿ-ին, «անհապաղ կանգնեցնել Իսրայելին՝ սարսափելի հետևանքներից խուսափելու համար»:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ավելի վաղ նշել էր, որ Վաշինգտոնը սատարում է հրեական պետության «ինքնապաշտպանական» ջանքերին: Ռուսաստանը և ԵՄ-ն կողմերին հանդարտության կոչ են անում: Իսրայելի գործողությունները դատապարտել են Արաբական լիգայի երկրները: Սակայն, փորձագետների մեծամասնությունը վստահ է, որ հակամարտությունը, այնուամենայնիվ, չի խոչընդոտի Իսրայելի և արաբական աշխարհի մերձեցմանը: