Երեկ Կազանի գիմնազիայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է 9 մարդ, որից 7-ը՝ երեխա: 23 մարդ վիրավորվել է, որոնցից 20-ը՝ դարձյալ երեխաներ են, նրանցից երկուսի վիճակը ծանր է:
Ռուսաստանի քննչական կոմիտեն խոստացել է պարզել տեղի ունեցած ողբերգության պատճառները, հաղորդում է ТАСС-ը:
Հարձակումն իրականացրել էր դպրոցի նախկին շրջանավարտ Իլնազ Գալյավիևը, որը կալանավորված է: 19-ամյա տղան հայտարարել է, թե երկու ամիս առաջ իրեն Աստված է երևակայել ու սկսել է ատել բոլորին: Չարագործն օգտագործել է նույն տեսակի զենք, ինչ «Կերչի հրաձիգը» 2018-ին:
Դեպքից հետո նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է խստացնել հրաձգային զենքի վաճառքի և գրանցման հսկողությունը:
Պետդումայի անվտանգության և հակակոռուպցիոն հարցերով հանձնաժողովն էլ այսօր հավանություն է տվել Ռուսաստանում զենքի շրջանառության կանոնները խստացնող օրինագծին: Օրինագծով արգելվում է զենք կրելու իրավունք տրամադրել երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձանց:
Փաստաթուղթը նախատեսում է նաև արգելել ԶԼՄ-ներում և համացանցում հրազենի արտադրության կամ վերականգնման հրահանգների տարածումը: