Պաշտպանության նախարարների մասնակցությամբ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում քննարկվել է մինչև 5000 զինծառայողով արագ արձագանքման միասնական զինուժի ստեղծումը, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության ու պաշտպանության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:
Նա պարզաբանել է, «Եթե ցանկանում ենք լինել աշխարհաղաքական հզոր ուժ, պետք է կարողանանք շատ արագ գործել», հայտնում է Interfax-ը:
Նրա խոսքով՝ նախարարները քննարկել են անվտանգության և պաշտպանության համատեղ քաղաքականությունը, ներառյալ ճգնաժամերի կառավարումը ՝ դրանց արագ արձագանքման միջոցով:
Բորելը համոզված է, որ «Եվրամիությունը պետք է ավելի արդյունավետ լինի և ավելի արագ որոշումներ կայացնի, ինչն այսօր չկա»: Խոսքը վերաբերում է ԵՄ գործողություններ և առաքելություններ սկսելու մասին արագ որոշումներ կայացնելուն:
Բացի այդ, ԵՄ-ը պետք է ճկուն լինի տարբեր ճգնաժամերի հարցում, քանի որ յուրաքանչյուր ճգնաժամ, ըստ դիվանագետի, տարբերվում է մյուսից:
Բորելը կարևորել է նաև զինված ուժերի լավ պատրաստվածությունը, որն անհրաժեշտ է ճգնաժամերի սպառնալիքներին արագ արձագանքելու համար:
Դիվանագետը հստակեցրել է, որ այդ ամենը դեռ գաղափար է, որը պետք է քննարկեն ԵՄ անդամ պետությունները՝ վերջնական որոշում կայացնելու համար: