Իրաքի արտգործնախարարությունը երկուշաբթի Բաղդադում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչին բողոքի նոտա է հանձնել Իրաքի հյուսիսային նահանգներում Անկարայի վերջին գործողությունների կապակցությամբ, գրում է ТАСС-ը:
Խոսքը վերաբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ վերջերս Իրաք կատարած չհայտարարված այցին: Հուլուսի Աքարն Իրաքի տարածք է մտել առանց այդ երկրի իշխանությունների համաձայնության կամ նախնական հաստատման, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում հանդիպել է ապօրինաբար գտնվող թուրքական զորքերի հետ:
Իրաքի ԱԳՆ-ն նշել է, որ Բաղդադը «կտրականապես մերժում է Իրաքի ինքնիշխանության շարունակական ոտնահարումները, Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հողերի և օդային տարածքի անձեռնմխելիության խախտումները, և որ նման մոտեցումն անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների հետ, հակասում է միջազգային իրավունքին»:
Անկարան Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններ է իրականացնում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ պայքարի պատճառաբանությամբ: