Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրադրությունը կարգավորվում է: Երկու կողմի զինվորականների բախումը սկսվել էր վիճելի տարածքում ջրի բաշխման կետի շուրջ, որը երկու հանրապետություններն իրենցն են համարում, հայտնում է РИА Новости-ն: Դուշանբեն պնդում է, որ ղրղզական զինված ուժերը կրակոցներով փորձել են գրավել տարածքը: Բիշքեկն էլ կրակոցների համար մեղադրում է տաջիկ սահմանապահների:
Փոխհրաձգությունը վերածվել է մարտի, հակամարտության տարածք են մտել տանկեր և հարձակողական ուղղաթիռներ: Բախումների հետևանքով ղրղզական կողմից կա 13 զոհ, 130-ից ավելի վիրավոր: Տաջիկստանը պաշտոնական տեղեկություններ չի հայտնում տուժածների մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նստել բանակցությունների սեղանի շուրջ: