Հայոց ցեղասպանությունն ընդունող կուսակցությունները պետք է փակվեն, քաղաքական գործիչներին էլ արգելվի զբաղվել քաղաքականությամբ: Նման առաջարկ է արել Թուրքիայի պատմական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Օմեր Թուրանը Twitter-ում:
«Հայոց ցեղասպանությունն ընդունող քաղաքացիական ծառայողները պետք է հեռացվեն իրենց պաշտոններից: Նրանք, ովքեր քարոզում են Հայոց ցեղասպանության ընդունումը, պետք է զրկվեն քաղաքացիությունից»,- հավելել է գիտնականը:
Ըստ նրա՝ խոսքը առաջին հերթին վերաբերում է մեջլիսում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Այս կուսակցության անդամ է նաև հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որն իր տեսաուղերձում արդարություն է պահանջել հայ ժողովրդի համար ցեղասպանության հարցում:
Թուրքիայում «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էրքան Աքչայն էլ քննադատել է ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» (IYI) և քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցություններին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո լռություն պահպանելու, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն էլ անվանել է «դավաճանական»՝ Բայդենի ճանաչման կապակցությամբ հայտարարություն անելու և իշխանությանը քննադատելու համար։