Ֆրանսիացի կամավորների մի խումբ 40 օր քարանձավում է անցկացրել՝ առանց էլեկտրականության, ժամացույցի կամ արևի լույսի: Ֆրանսիացի գիտնականների նպատակն էր ուսումնասիրել մեկուսացման հետևանքները, գրում է BBC-ն:
27-50 տարեկան 15 կամավոր՝ ութ տղամարդ և յոթ կին, 40 օր ապրել են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լոմբրիվ քարանձավում: Նրանք քնել են վրաններում և ստիպված եղել ինքնուրույն ստանալ էլեկտրաէներգիա՝ օգտագործելով հեծանիվային գեներատորը, արտաքին աշխարհի հետ կապ չի եղել:
Հետազոտության մասնակիցները օգտվել են 45 մ խորության վրա գտնվող ջրհորի ջրից: Քարանձավում ջերմությունը եղել է 12 աստիճան, խոնավությունը՝ մոտ 95%:
Փորձի ավարտից հետո կամավորները քարանձավից դուրս են եկել մուգ ակնոցով, որպեսզի մթնշաղի մեջ անցկացրած մի քանի շաբաթից հետո աչքերը կարողանան հարմարվել արևի պայծառ լույսին: Գետնի երեսին խմբին դիմավորել են ծափահարություններով:
Գիտնականները հույս ունեն, որ այդ փորձը կօգնի ավելին իմանալ այն մասին, թե ինչպես են մարդիկ հարմարվում ծայրահեղ պայմաններին: Նախքան մասնակիցների քարանձավ իջնելը, գիտնականները տվյալներ են ստացել նրանց ուղեղի գործունեության և ճանաչողական գործառույթների վերաբերյալ: Հիմա նրանք պետք է պարզեն՝ արդյոք այդ ցուցանիշները փոխվե՞լ են 40 օր գետնի տակ մնալուց հետո:
Ինչպես նշում է Guardian-ը, Ֆրանսիայում և Շվեյցարիայում լաբորատորիաների օգնությամբ գիտնականները վերահսկել են փորձի մասնակիցների ֆիզիկական վիճակը, նրանց վարքը և սոցիալական փոխազդեցությունը: Դրա համար օգտագործվել են սենսորներ, ներառյալ մի փոքրիկ պարկուճ, որը կամավորները կուլ են տվել հաբի նման: Այն չափել է նրանց մարմնի ջերմաստիճանը և տվյալներն ուղարկել լաբորատորիա:
«Մեր ապագան՝ որպես այս մոլորակի բնակիչներ, կփոխվի,- ասել է հետազոտության ղեկավարը: - Մենք պետք է ավելին իմանանք այն մասին, թե որքան է մեր ուղեղն ընդունակ նոր լուծումներ գտնել` անկախ իրավիճակից»: Ըստ մասնագետների՝ այս ուսումնասիրությունները կարևորվեցին հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ արգելափակումների պատճառով միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում հայտնվեցին ինքնամեկուսացման մեջ: