Ռուսաստանը Մոսկվայում Լեհաստանի դեսպանության հինգ աշխատակցի հայտարարել է անցանկալի անձ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
Նրանք պետք է լքեն Ռուսաստանի տարածքը մինչև 2021 թվականի մայիսի 15-ի օրվա վերջը, տեղեկացնում է Interfax-ը:
ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումն ընդունվել է փոխադարձության սկզբունքի հիման վրա և պատասխան է ռուս դիվանագետներին վտարելու Լեհաստանի սադրիչ գործողություններին:
Ապրիլի 15-ին Վարշավան երեք ռուս դիվանագետի հայտարարեց անցանկալի անձ: Լեհաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշման հիմքում «այդ մարդկանց գործողություններն են, որոնք չեն համապատասխանում դիվանագետի կարգավիճակին ու վնասում են Լեհաստանին»:
Ռուսաստանի և Արևմուտքի երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Լեհաստանից բացի, ռուս դիվանագետներին արտաքսելու որոշումներ են կայացրել ԱՄՆ-ը, Բուլղարիան, Ուկրաինան, Չեխիան և Սլովակիան: Մոսկվան էլ բոլոր միջադեպերին տալիս է հայելային պատասխան: