Քաղցրահամ ջրերով խոշոր լճերն ու ջրամբարները չորանում են Մեքսիկայում անոմալ երաշտի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:
Չոր եղանակը ծածկել է երկրի 85 տոկոսը: Բարձր ջերմաստիճանի պատճառով ցամաքում են ոչ միայն բնական, այլև ռազմավարական ջրամբարները, որոնք ջուր են մատակարարում մայրաքաղաք Մեխիկոյին: Քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ 30 տարվա ընթացքում սա ամենադաժան երաշտն է:
Մեխիկոյում այժմ բնակվում է 9 միլիոն մարդ: Այն ջրով մատակարարվում է քաղաքի ջրհորներից և երեք խոշոր ջրամբարներից, սակայն եղանակային պայմանների պատճառով գրունտային ջրերի մակարդակը նույնպես իջել է: Ըստ քաղաքապետի՝ կա նաև մարդկային գործոնը: Բնակիչներն իրենք էլ են սրում իրավիճակը՝ երաշտի պայմաններում ջրելով այգիներն ու սիզամարգերը՝ սպառելով ջրի պաշարները:
Մեքսիկացիները կարող են զրկվել երկրի երկրորդ խոշոր լճից՝ Կուցեոյից, որի 75 տոկոսը ցամաքել է, ոչնչացել են հազվագյուտ ձկնատեսակներ: Նշվում է, որ երաշտի պատճառով լճի ափերը վերածվել են փոշոտ հարթավայրերի և փոշու փոթորիկները հաճախակի են դարձել տարածաշրջանում: