Մասիս քաղաքի Գործարանային փողոցը մոտ մեկուկես տարի առաջ հենց այսպիսի տեսք ուներ. ճանապարհն ամբողջությամբ քանդված էր, ասֆալտը՝ մաշված, ջրահեռացումը՝ խափանված, եզրաքարեր, մայթեր, լուսավորություն և ծառ գրեթե չկային: Անմխիթար վիճակում գտնվող փողոցը երթևեկության համար դարձել էր վտանգավոր և դժվարանցանելի:
2019 թվականի փետրվարի 5-ին Մասիսի ավագանու նիստում միաձայն որոշում կայացվեց՝ փողոցը վերանվանել և անվանակոչել հայտնի գործարար և բարերար Հրանտ Վարդանյանի անունով:
Փողոցն ուներ հիմնանորոգման կարիք: Ծավալուն աշխատանքների մեկնարկը տրվեց 2020 թվականի փետրվարին: 3.2 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ քանդվեց, կառուցվեց ժամանակակից պահանջներին համապատասխան, լիովին նոր ճանապարհ:
Բացմանը ներկա է Վարդանյան ընտանիքը: Կարմիր ժապավենը կտրում են բարերար Միքայել Վարդանյանն ու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
Այնուհետև ներկաները Վարդանյան եղբայրների ուղեկցությամբ շրջում են տարածքում, ծանոթանում իրականացված աշխատանքներին: Ճանապարհը սկիզբ է առնում հենց այստեղից: Մասիս քաղաքի մուտքն այսուհետև կնշանավորվի չժանգոտվող պողպատից և կապույտ գրանիտից պատրաստված այս խորհրդանիշով, որը տեղադրվել է ճանապարհի օղակաձև երթևեկելի հատվածում:
Բնակելի տներից բացի, փողոցում կան գործարաններ, որոնց հիմնադիրը Հրանտ Վարդանյանն է: Ճանապարհաշինական այս ծրագիրն ունի սոցիալական նշանակություն: Այն ծառայելու է ավելի քան 20 հազար բնակիչ ունեցող Մասիս քաղաքին և հարակից բնակավայրերին:
Ճանապարհի ամբողջ երկայնքով տեղադրվել է 96 լուսասյուն՝ համալրված ժամանակակից LED լուսատուներով: Կառուցվել է ժամանակակից լուծումներով տրանսպորտային 3 կանգառ: Ճանապարհը հարմարեցված է ոչ միայն վարորդների, այլև հեծանվորդների համար: Տնկվել է Եվրոպայից ներմուծված և Հայաստանի բնակլիմայական պայմաններին համապատասխան վարդագույն Robinia տեսակի 292 ծառ, որոնց խնամքը կիրականացվի ավտոմատ ոռոգման համակարգով: Ճանապարհի վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն 920 մլն դրամ է: Միջոցները տրամադրել են բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները: