«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ներկայացուցիչները նորից չկարողացան համաձայնության գալ ընդդիմության հետ քաղաքական ճգնաժամից դուրս գալու հարցում: Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը բանակցությունների ավարտից հետո՝ գրում է ТАСС-ը:
«Այսօր Շառլ Միշելի առաջարկով ես ավարտեցի Վրաստանում միջնորդության երկրորդ փուլը: Ճգնաժամի լուծումներ կան, դրանք վերաբերում են շատ կարևոր բարեփոխումներին ընտրական ու արդարադատության ոլորտներում: Ցավոք, քաղաքական կուսակցություններից ոչ մեկը չընդունեց այդ որոշումները»,- ասել է Դանիելսոնը:
Դիվանագետը հավելել է, որ իրավիճակի մասին կտեղեկացնի Միշելին, որն էլ, իր հերթին, կորոշի հետագա անելիքները:
Սա Դանիելսոնի երկրորդ այցն է Թբիլիսի. առաջին անգամ նա այստեղ էր մարտի 12-19-ը: Այդ ժամանակ եվրոպացի դիվանագետն առաջին անգամ փորձեց բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներին, բայց նրա փորձերն ավարտվեցին ապարդյուն: