Լրտեսության մեղադրանքով Իտալիան պատրաստվում է երկրից վտարել երկու ռուս դիվանագետի: Այս հայտարարությունն արել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն՝ գրում է euronews-ը:
Հռոմը պաշտոնական բողոք է ներկայացրել Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավար Սերգեյ Ռազովին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմում ձերբակալել են Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին և Իտալիայի ռազմածովային ուժերի ավագ սպային՝ գաղտնի տեղեկություններ փոխանցելու պահին: Ընդ որում՝ առաջին անգամ չէ, որ իտալացի սպան լրտեսում է հօգուտ Ռուսաստանի՝ յուրաքանչյուր փաթեթի համար ստանալով 5 հազար դոլար:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ռուսական կողմին հետաքրքրել են ոչ միայն Իտալիայի պաշտպանության ոլորտին վերաբերող փաստաթղթերը, այլև՝ ՆԱՏՕ-ի: Չի հաղորդվել, թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը, ինչպես նաև չեն նշվել գործով ներգրավված անձանց անունները: Հետաքննությունը ենթադրում է, որ իտալացի սպան Ռուսաստանի օգտին լրտեսության է դիմել ընտանիքում ֆինանսական դժվարությունների պատճառով:
Իտալիայի ԱԳՆ ղեկավար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ ՌԴ-ի դիվանագիտական առաքելության աշխատակիցների կողմից ենթադրյալ լրտեսությունը և գաղտնի տվյալների գնումը սպառնում են ինչպես Իտալիայի, այնպես էլ ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգությանը:
Մոսկվան էլ հույս է հայտնել, որ տեղի ունեցածը բացասաբար չի անդրադառնա Ռուսաստանի ու Իտալիայի հարաբերությունների վրա: