ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն աբսուրդ է համարում ԱԺ-ում մի քանի օր ռեսուրս ծախելը և վերջում «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին չընտրելը:
«Պատկերացնո՞ւմ եք ինչ ռեսուրս է ծախսում օրենսդիր իշխանությունը, հանրային ամբողջ ուշադրությունը զբաղեցնում մի թեմայի վրա, և վերջում Վճռաբեկ դատարանի որևէ դատավոր չի ընտրվում՝ ուղղակի բոյկոտի պատճառով: Ինձ համար անհասկանալի է, եթե անգամ քաղաքական մեծամասնությունը ԲԴԽ նախագահի հետ կապված խնդիր ունի, դրանից հետո չընտրել մասնագետ դատավորների թեկնածուներին, որոնք ընդհանրապես որևէ խնդրի հետ կապ չունեին: Ուղղակի աբսուրդ է: Վատնված ռեսուրս, վատնված շանսեր մի երկրում, որը ոչ մի ռեսուրս վատնելու իրավունք և շքեղություն չպետք է թույլ տա»,- ասաց Մարուքյանը:
Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը երբեք էլ իր «հերոսը չի եղել»: