Եվրահանձնաժողովը վերահաստատել է կանանց և տղամարդկանց միանման աշխատանքի դիմաց վարձատրության տարբերությունը վերացնելու մտադրությունը՝ հայտնում է euronews-ը:
Նոր օրենքը պարտադիր կլինի ավելի քան 250 աշխատող ունեցող ընկերությունների և հաստատությունների համար: Ցանկացած աշխատակից, իմանալով, որ հակառակ սեռի իր գործընկերն ավելի շատ գումար է ստանում, իրավունք կունենա փոխհատուցում պահանջել տարբերության համար: Իսկ ընկերությունն էլ կտուգանվի նման տեղեկատվությունը թաքցնելու համար: Օրենքի հեղինակները վստահ են, որ բոլոր կողմերը կենթարկվեն նոր կանոններին ու չեն դժգոհի:
2018 թվականին Եվրամիության երկրներում կանայք մեկ ժամում տղամարդկանցից 14.1%-ով ավելի քիչ են վարձատրվել: Անդամ երկրներում տարբերության տատանումը մեծ է, Լյուքսեմբուրգում, օրինակ, կազմում է 1.4%, Էստոնիայում՝ 21.8%:
Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիան ողջունել է Բրյուսելի գաղափարը, բայց նշել է, որ պետք է հասնել դրա իրականացմանը:
Եթե Եվրոպական խորհրդարանն ու Խորհուրդը հաստատեն այս առաջարկը, այն կարող է ուժի մեջ մտնել մի քանի տարի անց: