Մոտ 1 ամիս է՝ «Մարտի 1»-ի առանձնացված գործով նիստերը հետաձգվում են: Այսօր էլ դահլիճում չէր սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար մեղադրվող՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը: Դատարանը միջնորդություն է ստացել Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից՝ նիստը հետաձգելու վերաբերյալ: Պատճառը պաշտպանյալի առողջական վիճակն է՝ Գևորգյանը 2 օր է՝ ջերմություն ունի:
Էրիկ Ալեքսանյան (Արմեն Գևորգյանի պաշտպան) - Դա է պատճառ հանդիսացել, որ պարոն Գևորգյանն այսօր առավոտյան հանձնել է Քովիդ 19-ի թեստ և նաև 4-րդ պոլիկլինիկայում անցել է քննություն բժիշկ-թերապևտ Չոբանյանի մոտ, ախտորոշվել է սուր շնչառական հիվանդություն:
Թեստ հանձնել կարող է յուրաքանչյուրը, իսկ քանի որ սուր շնչառական հիվանդությունը հաստատող որևէ փաստաթուղթ չկա, մեղադրող կողմը թեստից բացի մյուս պատճառաբանությունները համարում է ոչ արժանահավատ:
Գևորգ Բաղդասարյան (դատախազ) - Դատարանին խնդրում ենք բացակայությունը հարգելի չհամարել, քանի որ դրա վերաբերյալ փաստաթուղթ չի ստացվել:
Ամբաստանյալի բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել, դատարանը որոշում է հետաձգել:
Աննա Դանիբեկյան (դատավոր) - Նաև հիշեցնեմ, որ հաջորդ դատական նիստին դատարանը պետք է քննարկի ձեր վարքագիծը, մասնավորապես, դատական սանկցիա կիրառելու հարցը: Հարգելի դատարան, վստահեցնում եմ, որ բոլորին կտամ սպառիչ պատասխան, և իմ պատասխանները այլ հարցեր ու կարծիքներ չեն առաջացնի:
Սա իրավունքի չարաշահում է՝ կարծիքը վերահաստատում է դատախազ Գևորգ Բաղդասարյանը և նման վարքագիծը վերագրում պաշտպանության ամբողջ թիմին: Դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի անհարկի միջնորդությունները, քանի որ նրանք դատավարական գործիքները օգտագործում են ոչ թե ի շահ պաշտպանյալների, այլ բուն դատական քննությանը խոչընդոտելու համար:
Գևորգ Բաղդասարյան - Ի՞նչ կապ ունի գործի նյութերի մեծ ծավալը, ի՞նչ կապ ունի դատական նիստի գնալը, էս դատական նիստին չգալը իրավունքի սահմանափակման հետ: Ընդհանրապես խախտումներ կան, այո՛, դատավարությանը որպես տուժող մասնակցող անձանց իրավունքները ոտնահարվում են, որովհետև այս արդարադատությունը կարող է դառնալ ուշացած, իր բոլոր բացասական հետևանքներով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում հավաքվել էին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Խաղաղ հավաքը մի պահ վերածվեց անհնազանդության ակցիայի՝ աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան: Մոտ 10 րոպե անց ոստիկաններին հաջողվեց բանակցել ցուցարարների հետ, փողոցը բացեցին, շարժվեցին դեպի դատարան: