ԱՄՆ գաղտնի ծառայությունը փնտրում է ռուս հաքերին, որը գողացել է Պատվո շքանշանով պարգևատրված 22 ամերիկացի զինվորականների անձնական տվյալները՝ հայտնում է Daily Beast-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ գաղտնի ծառայության հայտարարությունը:
Ինչպես նշում է թերթը՝ տվյալները գողացել են ԱՄՆ պաշտպանության նախարարությանը ենթակա մանրածախ խանութների ցանցի միջոցով բարձրորակ ապրանքներ ձեռք բերելու համար: Հաղորդվում է, որ կիբեռհարձակման արդյունքում հարձակվողը ձեռք է բերել մոտ 55,000 ԱՄՆ դոլարի ապրանք: Ըստ ամերիկյան գաղտնի ծառայության՝ գնված ապրանքները նախ ուղարկվել են ԱՄՆ 20 տարբեր հասցեներ, հետո՝ Ռուսաստան:
Նշվում է, որ հաքերը միջնորդների օգնությամբ է ծանրոցները հասցրել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի տարբեր հասցեներ:
ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովի տվյալներով՝ ամերիկացի զինծառայողները 76%--ով ավելի հաճախ են կիբեռհարձակումների զոհ դառնում, քան քաղաքացիական անձինք: Անցյալ տարի հանձնաժողովը զինծառայողների անձնական տվյալների գողության մասին ստացել է ավելի քան 50,000 բողոք: