Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բոլոր քաղաքական ուժերին ազգային միասնության ու բաց երկխոսության կոչ է արել: Երկխոսությունը կարևոր է համարել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի ընդդիմության առաջնորդի ձերբակալության թեմային են անդրադարձել տարբեր երեկրների ղեկավարներն ու միջազգային կառույցները, կողմերին կոչ արել լիցքաթափել իրավիճակը և երկխոսություն սկսել:
***
Անհանգիստ իրավիճակ է նաև Ուկրաինայում: Մոտ երեք հազար ազգայնական փորձել է ներխուժել Ուկրաինայի նախագահի աշխատասենյակ: Արմատականները պահանջել են ազատ արձակել իրենց աջակցին: Նա մարդ առևանգելու համար ավելի քան յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել: Ոստիկանության հետ բախումների ժամանակ 27 իրավապահ է վիրավորվել, 24 ցուցարար բերման է ենթարկվել:
***
Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի վարչակազմը որոշել է վերականգնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ԱՄՆ-ի անդամակցությունը: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները դուրս էր եկել խորհրդի կազմից:
***
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսի համավարակը կավարտվի հաջորդ տարվա սկզբին: Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը, սակայն, նշել է, որ 2022-ի սկզբին կորոնավիրուսն ամբողջությամբ չի վերանա, բայց սահմանափակումների անհրաժեշտություն այլևս չի լինի: Միաժամանակ ավելանում է այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվում են վիրուսի մուտացիաներ: Ըստ վերջին տվյալների, փետրվարի 15-ից մինչև 21-ն աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ նվազել է 11, իսկ մահվան ցուցանիշը՝ 20 տոկոսով: