ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցի որոշ դրվագներ, որոնք որոշ լրատվականների կողմից
դարձել էին շահարկումների առարկա:
«Պետական պահպանության ամբողջ իմաստն ինչո՞ւմն է, պետության խնդիրը ո՞րն է: Պաշտպանելու համար պետությունը տվել է այդ բոլոր կառույցներին բոլոր իրավասությունները՝ ընդհուպ մինչև կրակելը: Դրա մասին է խոսքը եղել: Բայց դա մանիպուլացրեցին, դարձրեցին, որ Քոչարյան Անդրանիկն ասել է՝ կրակել ժողովրդի վրա: Քոչարյան Անդրանիկը հո հոգեկան հիվանդ չի՞ որոշ մարդկանց պես, որոնք կայծակնային արագությամբ շենքերի գրավում են նախատեսում:
Մոռացե՞լ եք՝ մինչև այդ ինչ է եղել մեր պետության մեջ, հոկտեմբերի 27-ը մոռացա՞նք, «Դրո կառույցը» մոռացա՞նք: Ուզում եմ մեկ այլ կառույցի մասին էլ ասել՝ «Նեմեսիսի»: Այդ քաղաքական ուժերը շատ լավ հասկացան՝ ում մասին է խոսքը: Թող խելքները գլուխները հավաքեն: Պետությունը չի կարող թույլ տալ իր հիմքերի ոչնչացման գործընթացը: Այդքան բան եմ ասել: Ես երեկ էլ եմ ասել, որ Մարտի 1-ին ժողովուրդը որևէ պետական շենքի վրա հարձակում չի գործել: Ժողովուրդը իր խաղաղ հավաքների ժամանակ ենթարկվել է հարձակման, և պարոն Ռոբերտ Քոչարյանը և իր փաստաբանական թիմն ամեն ինչ անում են, որպեսզի դատաքննությունը չսկսվի, և հիմա դա կապել մեկը մյուսի հետ՝ անթույլատրելի է»,- ասաց Քոչարյանը:
Հարցին՝ ինչպես է գնահատում լրատվամիջոցների վրա հարձակումը՝ պատասխանեց՝ վատ:
«Շատ վատ բան էր, անթույլատրելի է, և ես նկատեցի, որ Գեղամ Մանուկյանն իր Ֆեյսբուքի էջում ևս դատապարտել էր նման դրսևորումները, որովհետև այսպես անհարկի թշնամանք սերմանելով՝ դավաճաններ փնտրելով, հասարակությանը լիցքավորում ենք շատ բացասական լիցքերով:
Հիմա պետք է մենք շատ հանդարտ, ճիշտ ընթացքի մեջ գտնենք մեր խնդիրները»,- հավելեց պատգամավորը՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի վրա երեկ տեղի ունեցած
հարձակմանը:
«Լուրերի» թղթակցի դիտարկման կապակցությամբ, թե «Ազատության» լրագրողի վրա հարձակումից հետո մեկնաբանություններում գրվում էր մի միտք, որ ժամանակին էլ «Իմ քայլի» կողմից է լրատվամիջոցների վրա բռնություն եղել, Քոչարյանը հրաժարվեց անդրադառնալ մեղադրանքներին:
«Ցանկացած քաղաքացի, որ մտնի քոմենթների դաշտ, չի կարող ընկալել՝ այդ քոմենթ գրողը կա՞, թե՞ չկա, քանի որ մինչև այդ ֆեյքային համակարգերը չկարգավորվեն, ըստ էության, մենք վիրտուալ, ֆեյքային տիրույթում ենք գտնվում շատ շատերս և չգիտակցելով՝ տրվում ենք, մտնում ենք այդ տրամադրությունների տակ, և դրանից դուրս գալը դառնում է շատ բարդ: Դրա մի ձև կա՝ պետք է պարզապես վարդակից անջատել նման ֆեյքերին և հայտնվել իրականության մեջ, լուծել մեր խնդիրները»,- հավելեց Քոչարյանը: