ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ։ Արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն, որն էլ կնպաստի կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը։
Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, իսկ հինգը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն տասը դատավոր։
Հիշեցնենք՝ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ կողմ 85, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 3 ձայներով:
Ռուստամ Բադասյանի առաջարկությամբ մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
Հիշեցնենք՝ փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 84, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 4 ձայներով:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: