ՄԱԿ-ը և Մեծ Բրիտանիան դատապարտել են Իրաքի Էրբիլ քաղաքում մահաբեր հարձակումը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Հրթիռակոծվել է Իրաքի Հյուսիսային Քրդստանի շրջանը: Գրոհի հետևանքով մահացել է մեկ մարդ, վիրավորվել են մի քանիսը: Թիրախավորվել են Էրբիլն ու հարակից տարածքները:
Իրաքում ՄԱԿ-ի հատուկ բանագնացը Twitter-ի միկրոբլոգում իր ափսոսանքն է հայտնել Էրբիլի հրթիռակոծման կապակցությամբ՝ նշելով, որ այդ գործողությունը վտանգում է տարածաշրջանի կայունությունը:
Հարձակումը խիստ քննադատել է նաև Իրաքում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ու կոչ արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Հրթիռներից երեքն ընկել են Էրբիլի միջազգային օդանավակայանի տարածքում: Մի քանի պայթյուն է որոտացել, և հրդեհ է բռնկվել: