2020 թվականին մանկատան 200-ից ավելի սան բնակարանի գնման վկայագիր է ստացել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետների գնահատմամբ՝ շահառուների թիվը 300-ին մոտ կլինի: Բնակարանի գնման վկայագիրն ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի մեկը: Գնման վկայագիր ստացած շահառուները պետք է հասցնեն մինչև այդ ժամկետը ձեռք բերել բնակարան:
Նորոգել ու 2 սենյականոց է դարձրել: Սեփական տանիք՝ լի ընտանեկան ջերմությամբ. սա 20-ամյա Սիրանուշի մանկության երազանքն է: երազանքներն էլ, փաստորեն, իրականանալու հատկություն ունեն: 5 ընկերուհիներով մեծացել են մանկատանը, պլաններ կազմել ապագայի վերաբերյալ՝ առանցքում պահելով սեփական տուն ունենալու նպատակը: Հիմա բոլորն էլ տանտեր են:
Սիրանուշ Աբելյան, մանկատան նախկին սան, ծրագրի շահառու - Սա մեծ երազանք է եղել ոչ միայն իմ, այլ իմ բոլոր ընկերների ու այն շրջանավարտների համար, ովքեր տարիներով երազել են:
Նունե Պապյան, մանկատան նախկին սան, ծրագրի շահառու - Տները մենք ենք ընտրել, գնացել ենք, նայել ենք ու այնպես ենք ընտրել, որ մեր գումարը բավականացներ նաև վերանորոգմանը, եթե դրա անհրաժեշտությունը լիներ:
Կայացած մարդ լինելու հիմքը դրված է: Հիմա ուշքն ու միտքը միայն դասերին են ուղղել:
Քրիստինա Մաթոսյան, մանկատան նախկին սան, ծրագրի շահառու - Հիմա արդեն մտածում եմ սովորելու մասին, թե որտեղ դիմեմ, որ կարողանամ կայանալ կյանքում ու հասնել ինչ-որ բանի:
1991-ից մինչև օրս պետական հոգածության տակ գտնվող մանկատան սաներին բնակարանով ապահովեու համար կառավարությունը 2020-ին մոտ 1.9 մլրդ դրամ հատկացրեց: Տարիներով հերթացուցակում մնացած, պետական բոլոր ատյաններում դիմումներ գրած ու այդպես էլ պատասխան չստացած մանկատան 200-ից ավելի սան մեկ տարում պետությունից բնակարանի գնման վկայագիր ստացավ. մոտ 140-ն արդեն գնել է: Նրանցից մեկն Արմինե Զախարյանն է, իր հերթին սպասել է 12 տարի, հիմա Հրազդանում 3 սենյականոց բնակարան ունի:
Արմինե Զախարյան, մանկատան նախկին սան, ծրագրի շահառու - Մանկատունը մեզ համար տուն է եղել, ծնողների պես են մեզ վերաբերվել, բայց այլ է, երբ ունես քոնը: Այնքան ուրախացանք, պայմանվորվեցինք բնակարան գնելուց հավաքվել: Իմ բնակարանը եկել են, տեսել, ես շատ ուրախ եմ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվարկով շահառուների թիվը կհասնի 300-ի: Սկզբում ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020-ի դեկտեմբերի 30-ն էր, բայց կորոնավիրուսն ու պատերազմն ստիպեցին նախարարությանը վերանայել ժամկետները:
Սասուն Համբարձումյան, ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ - Մենք նպատակահարմար գտանք դիմումների ժամկետը երկարաձգելու, այսինքն՝ մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիենրը, որոնք 18 տարին լրանալու կապակցությամբ դուրս են գրվել մանկատնից և չեն հանդիսանում սեփականատեր կամ համասեփականատեր, կարող են դիմել այս ծրագրին և դառնալ շահառու:
Մեկ այլ կարևոր ժամկետ. բոլոր շահառուները, որոնք արդեն ստացել են վկայագրերը, բնակարան ձեռք բերելու համար մինչև հունիսի 1-ը ժամանակ ունեն, հակառակ դեպքում՝ 6.3 մլն դրամանոց վկայագիրն ուժը կորցրած կճանաչվի: