Լոռու մարզի Կուրթան բնակավայրում արտադրված բաճկոններն ու կուրթանցի այս փոքրիկները կարճ ժամանակում գրավեցին համացանցը: Գեղեցիկ, տաք ու ոճային Made in Kurtan պիտակով բաճկոններն ընդամենը 2 ամսում դարձան ոչ միայն Կուրթանի, այլև Լոռու տեքստիլ արդյունաբերության զարգացման նոր խթան: Արտադրամասը բացվեց նախորդ տարվա նոյեմբեր ամսին՝ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ջանքերով, որի առաջնային նպատակը համայնքների զարգացումն է:
Մարիամ Անտոնյան, «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն - Գիտեք, գաղափարը նա է, որ ոչ միայն զարգացնենք Հայաստանում արտադրությունը, այլև համայնքերում արտադրությունը: Ես ինչքան ուզում եմ մտաբերեմ, չեմ հիշում որևէ գյուղ, որտեղ լինի այսպիսի արտադրություն, իսկ գյուղերն ունեն մեծ պոտեցիալ:
Կութանցի կանայք վստահեցնում են՝ բաճկոններն ամեն անգամ կրելիս սպառողը Լոռվա ջերմությունն անպայման զգալու է, ասում են՝ իրենց գործը սիրով են անում, դրա համար էլ արդյունքը գոհացնող է, դե իսկ բաճկոնների վրա դրոշմված կարող բանվորուհու ու մոդելավորողի անունը գնորդին կհուշի ու պատկերացում կտա, թե հագուստն ում ձեռքի աշխատանքն է:
Նարդուհի Խլոյան, բանվորուհի - Բաճկոնի վրա գրվելու է կարողի անունը:
Մարիամ Անտոնյան - Ուղղակի հաճելի կլինի և՛ կարողի համար, և՛ հագնողի համար, որ տեսնի, թե բաճկոնն ով է կարել:
Շողիկ Սինդոյան - Մեծ սիրով աշխատում ենք, մեծ ջանք ենք դնում, որպեսզի աշխատանքը լավը լինի, որակով լինի:
Բաճկոններն առայժմ կարելի է գնել միայն «Ազգային մոլից», բայց մեծաքանակ պատվերներ ևս ընդունվում են: Մարիամն ասում է՝ նման դրական արձագանքի չէին սպասում, պատվերներն այնքան շատ են, որ երբեմն չեն հասցնում. եթե սկզբում արտադրական պրոցեսում ներգրավված էր 5 բանվորուհի, ապա հիմա աշխատակիցների թիվը հասել է 9-ի: Դե իսկ գնային առումով համեմատաբար մեղմ քաղաքականություն են վարում, փորձում են այնպես անել, որ հայկական արտադրանքը հասանելի լինի բոլորին՝ հատկապես, որ Made in Kurtan բաճկոնների հումքը բացառապես հայկական է:
Մարիամ Անտոնյան - Առաջին արտադրանքը վաճառք չի եղել, նվիրել ենք արցախցիներին: Այդ ժամանակ 5 հոգով էին աշխատում: Հիմա հետաքրքրությունը կա, պահանջարկ կա: Մեկ ամսվա ընթացքում աշխատողների թիվը դարձել է 9: Կարող են ավելանալ: Այսինքն՝ ամեն ինչ կախված է վաճառքի տեմպից:
Made in Kurtan-ը պատրաստ է աշխատել նաև երիտասարդ մոդելավորողների հետ, նոր կրեատիվ գաղափարները ոճաբանների հետ պատրաստ են քննարկել ու մտքերը վերածել հագուստի, իսկ օրակարգում արտադրության ծավալների ընդլայնումն է: