«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի և քրդական SDF ուժերի միջև պատրաստվելու է համատեղ ծրագիր, սակայն չի մանրամասնել, թե ամերիկյան վարչակազմից ում հետ է հանդիպում ունեցել և ինչ ծրագիր քննարկել, տեղեկացնում է ermenihaber-ը:
Քոբանիի խոսքով՝ Բայդենի` նախագահ ընտրվելը մեծ հույս է արթնացրել իր մեջ սիրիական ճգնաժամի իրական լուծման համար:
Նա նշել է, որ իրենց ուժերը շարունակում են նաև Ռուսաստանի հետ փոխգործակցությունը, բայց և խոստովանել է, որ «միշտ դժվար է եղել Վաշինգտոնի և Մոսկվայի հետ հարաբերությունների հավասարկշռությունը պահպանելը»:
Մազլում Քոբանին ներառված է Թուրքիայում առավել վտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում, և Անկարան ԱՄՆ-ից պահանջում է նրա արտահանձնումը: Իսկ Սիրիայում նրա ղեկավարած քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) Թուրքիայում նույնացվում են ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական» կուսացության (PKK) հետ: