Վրաստանում ազգությամբ հայ ուսանողներն անդրադարձել են երկրում գործող կրթական համակարգի բացթողումներին՝ շեշտելով խտրականության ու իրենց իրավունքների հարցերը, գրում է aliq-ը:
Ուսանողները բարձրաձայնել են այն ֆակուլտետների մասին, որտեղ ազգային փոքրամասնության ուսանողները բակալավրի չորս տարիների ընթացքում չեն ֆինանսավորվում պետության կողմից:
Ուսանողներն իրենց հուզող հարցերով դիմել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի «1+4» կոչվող վրացերենի նախապատրաստական ծրագրի համակարգող Կախա Գաբունիային, որը միացել է նրանց ու բաց ստորագրահավաքով դիմել Վրաստանի վարչապետին:
Ներկայացրած ստորագրահավաքի տեքստում նշված է, որ ուսանողները պահանջում են, որպեսզի նման ֆակուլտետներում պետական ֆինանսավորումն անդրադառնա բոլոր ուսանողներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների այն ներկայացուցիչներին, որոնք ավարտել են վրացերենի նախապատրաստական կուրսը: